Archive | May 8, 2023

Գրադարանում

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

 – Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

 – Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

 – Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

 – Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

– Բոլորը,- ասաց Լայոնելը։

 – Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։

– Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

 – Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

 – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

 – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

 – Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

 – Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։

 – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Գրադարանում չիկարելի բառձր խոսել, վազել, խանգարել ընթերցողներին։

  • Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Լայոնելը գիրք էր փնտրում, իսկ Յուլիսիսը մարդկանց ։

  • Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գրքերը նրա համար են, որ գիտելիք քաղես նրանցից

  •  Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Այո կարևոր է, որովհետև այն ամբողջ կյանքում պետք է գալիս

  • Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Ես կառաջարկեմ <<Արևի համբուրած Շուշին >>, <<Երեք խոզուկները>> և <<Ոսկու կարասը>>։

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

 – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

 – Շնորհակալություն, տիկին,- ասաց Լայոնելը։

 Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

 – Սրանք,- ասաց նա,- և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։- Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։

– Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,- նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։- Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,- ասաց նա։

 Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։

Իսկ այս մեկը,- ասաց նա,- այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր – ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

 – Տես, Յուլիսիս,- ասաց նա,- սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։- Նա ցույց տվեց տպագրված տողերը։

– Ահա «ա»…ն,- ասաց նա,- սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։

– Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,- ասաց նա,- բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։

Ահա նկար է,- ասաց նա,- աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։

– Նա թերթում էր էջերը.

– Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,- ասաց նա,- ամենուր գրքեր են,- նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։ – Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,- ասաց նա։ Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:

Եթե շատ գրքեր կարդամ ապա շատ գրագետ կլինեմ։

  • Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:

Նարներ։

  • Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:

Յուլիսիսը ուրախ որովհետև նա մտածում էր, թե ինչ-որ բան է սովորել։

  • Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

Իմ ընկերներից ոչ ոք նման չէ Յուլիսիսին։